Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 19-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՏF 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճնից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի Արզնու խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի  գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարված Opel-ի վարորդը դեպքի վայրում հավաքվածներին ասում էր,  որ վթարի պատճառը  եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային  իրավիճակ էր ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 
Վթարի հետևանքով Opel-ի  հետևի անվահեծանը կոտրվել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն ու նրա հայտնած տեղեկության իրականությունը:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


