211652_close_icon
views-count7118 դիտում article-date 14:46 07-08-2018

Ավարտական փուլում են Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հետևել է Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման ավարտական փուլի ընթացքին: Հիշեցնենք, որ վաղ գարնանից մեկնարկած շինարարության ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից հանգույցի ստորգետնյա 500 մետրանոց հատվածում կառուցվել է ջրահեռացման նոր ու նախկինի համեմատ երկու անգամ ավելի թողունակությամբ ջրահեռացման համակարգ՝ շուրջ 16 դիտահորերով ու 40 անձրևընդունիչներով: Թունելային հատվածի ջրահեռացման նախկին ցանցը կառուցվել էր տասնամյակներ առաջ՝ այն ժամանակվա պահանջներին համապատասխան: Երբ Գլխավոր պողոտայից, Պռոշյան և Պարոնյան փողոցներից անձրևաջրերը հոսում էին դեպի Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատված, առատ տեղումների օրերին ջրի կուտակումներ էին առաջանում՝ դժվարանցելիություն ստեղծելով փոխադրամիջոցների համար: Ջրահեռացման նոր համակարգն այդ խնդիրը հիմնովին լուծում է: Միաժամանակ, որպես հարակից համակարգ, կգործի նաև նախկին ցանցը: Ջրահեռացման նոր ցանցի շինարարությանը գրեթե զուգահեռ Երևանի քաղաքապետարանի կողմից թունելի ողջ երկայնքով ու նաև բացօթյա հատվածում մեկնարկել է կողային պատերի, ծածկի հեծանների ու մյուս հանգույցների բարեկարգումը, ներկումը: Հանգույցը կունենա նաև արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը շրջել է տրանսպորտային հանգույցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Գործընթացի ավարտական փուլի վերաբերյալ տեղում տրվել են հանձնարարականներ: Հարկ է նշել, որ նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորին արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ: Ճանապարհաշինարարները Կամո Արեյանին վստահեցրել են, որ ստորգետնյա հանգույցը 2 օրից պատրաստ կլինի լիարժեք շահագործման: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր