211652_close_icon
views-count2093 դիտում article-date 10:45 01-08-2018

Պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գիտելիքներն են ու հմտությունները, այլև վերաբերմունք է սեփական գործի, մարդկանց, հասարակության հանդեպ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անկախ Հայաստանի ամենահայտնի և սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա` այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար և իր գործը սահմանափակում աշխատանքային ժամերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչև ժամը 18.00-ը, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չի: Լրագրողն այն մարդն է, որը վառվում է պատմություն փնտրելու և տեղեկատվություն հայտնելու ցանկությունից: Եթե չկա այդ անդիմադրելի ձգտումը, ապա չկա նաև լրագրող՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձնավորությունը կարող է ունենալ լրագրության բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմներ: Մեզանից շատերը (այդ թվում նաև` ես) նման դիպլոմներ չունենք, և դա մեզ ամենևին չի խանգարում: Դժվար է պատկերացնել առանց դիպլոմի փաստաբանի կամ առավել ևս՝ բժշկի: Դրանում է մեր և այլ մասնագիտությունների հսկայական տարբերությունը: Բայց բոլոր մասնագիտությունների մեջ կա նաև նմանություն: Պատկերացրեք բժշկի դիպլոմով երկու մարդկանց, որոնցից մեկը լսում է հիվանդին, դեղեր է դուրս գրում (գուցեև դասագրքային իմաստով՝ ճիշտ) և հաջորդ իսկ պահին մոռանում է հիվանդի մասին: Իսկ մյուսը փորձում է հասկանալ ոչ միայն հիվանդության պատճառները, այլև հիվանդի հոգեբանությունը, նրա սուբյեկտիվ զգացողությունները, մշտական կապ է պահպանում նրա հետ: Ո՞վ է ավելի պրոֆեսիոնալ բժիշկ, ում մոտ ավելի մեծ հաճույքով կգնան հիվանդները: Կարծում եմ` այդ հարցի պատասխանը պարզ է: Նույնը կարելի է ասել ուսուցչի մասին, որի մտքերն ու ձգտումները չեն սահմանափակվում դասի 45 րոպեով և տարեցտարի նույն բառերն ու ձևակերպումները կրկնելով: (Ի դեպ, իմ տարիքի ցանկացած մասնագիտության մարդ չպիտի ժամանակ խնայի երիտասարդներին իրենց փորձն ու գիտելիքները անշահախնդրորեն փոխանցելու համար: Իհարկե, եթե երիտասարդները նման ցանկություն են հայտնում): Նույն՝ «շրջանակից դուրս գալու» սկզբունքը վերաբերում է փաստաբանին, շինարարին, գյուղատնտեսին, դերասանին՝ բոլորին: Ուզում եմ ասել՝ պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գիտելիքներն են ու հմտությունները: Դա նաև վերաբերմունք է սեփական գործի, մարդկանց, հասարակության հանդեպ: Նման պրոֆեսիոնալների կարիքն այսօր շատ է զգացվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր