Հայաստանը դիմել է Կասպշիկի գրասենյակին՝ սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով
Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:
«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բալայանը: