101268 դիտում
15:05 24-07-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, զանգել է ոստիկանություն և հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա ու տարել գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հակոբյանը տեղեկացրեկ է նաև, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, ում գիտակցությունը կորել է, որից հետո գողացել է գումարը և դիմել փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պողոսյանը հայտնել է, որ անհայտ անձը առանց որևէ սպառնալիքի, առանց որևէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաև տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Հակոբյանի և Գ. Պողոսյանի պատմածները «Գյուլնազ տատու հեքիաթներից են». իրականում ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել, այլ այդ ամենը բեմականացված ձևի ներկայացվել է իրավապահներին։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին ահազանգած Հ. Հակոբյանը հանրությանը հայտնի Ճոյտն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի