Փանիկ համայնքի տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանը, առանց ՀՀ իշխանություններին զգուշացնելու, զորավարժություն է անցկացնում
Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/941122.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակցին տեղեկացրեց Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը:
Ըստ գյուղապետի, հուլիսի 17-ին առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Զորավարժություններն ուղեցվել են կրակոցներով, պայթյուններով:
«Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, մենք նախապես չենք տեղեկացվել»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:
Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Այս հարցով նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր:
Ռազմաբազայի հրամանատարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել համայնքի ղեկավարի բողոքին: