211652_close_icon
views-count25802 դիտում article-date 21:06 17-07-2018

Հատ առ հատ պետք է նայել Սևանի շրջակայքում տարածքներ վարձակալողների պայմանագրերը, կան մարդիկ, որոնք հեկտարների համար կոպեկներ են վճարում. Ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին: Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը: Կարևորվել է նաև Սևանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին: Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը: «Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք: Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիրվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր