211652_close_icon
views-count3247 դիտում article-date 23:57 28-06-2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է հայ- ֆրանսիական հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար: Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու և աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով: Փոխվարչապետը նաև դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի և մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին: Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր և կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկարի վերաբերյալ: Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ և հաջողությամբ իրականացված նախաձեռնություններ կլինեն:

Նմանատիպ նյութեր