211652_close_icon
views-count2144 դիտում article-date 22:01 28-06-2018

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` զբոսաշրջության խթանման և զարգացման վերաբերյալ

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևան-Սանկտ Պետերբուրգ. Քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի «Քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի» կազմակերպչական բաժնի պետ Յուլիա Սախարովան, տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Երևան 2800» հոբելյանական միջոցառումների զբոսաշրջային բաղադրիչ ներառող ծրագրերը, քննարկվել Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, սոցիալական գովազդների փոխանակման, բժշկական զբոսաշրջության զարգացման և այլ համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները: Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանում «Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոն»-ի բացման կարևորությունը քաղաքային զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու տեսակետից և առաջարկել է գործընկեր քաղաքների համագործակցության շրջանակում առաջիկայում նախատեսել նոր նախագծեր և փորձի փոխանակման ծրագրեր: Սանկտ Պետերբուրգից ժամանած պատվիրակության անդամներն էլ նշել են, որ Երևանը դիտարկում են որպես զբոսաշրջության նախընտրելի ուղղություն և կարևորում փոխադարձ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր