211652_close_icon

Փորձագետն ադրբեջանական հաքերների կողմից «Մալբերի» համակարգ ներխուժումն արտաքինից լուրջ հարձակում չի համարում

views-count7232 դիտում article-date 17:26 27-06-2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են Ազգային ժողովի կայքն ու ներխուժել կառավարական մարմինների ներքին փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգ: «[url=https://armenpress.am/arm/news/939123.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ արտաքինից դա լուրջ հարձակում չէ և հույս հայտնեց, որ նրանց չի հաջողվել ներքին շրջանառվող փաստաթղթերին հասանելիություն ունենալ: «Արտաքինից սա լուրջ հարձակում չէ: Այն, ինչ «Մալբերիի» վրա ցույց են տվել, իհարկե, հաճելի չէ, պետք է ընդհանրապես չլիներ, բայց դա լուրջ հետևանքների չի բերի, եթե միայն դրանով սահմանափակված լինեն: Հուսով եմ՝ ավելի խորը ներթափանցում չի եղել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։ «Իսկ փաստաթղթերի արտահոսք եղել է, թե ոչ» հարցին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանը ուղղորդեց ՀՀ կառավարություն և Ազգային անվտանգության ծառայություն: Այս հարձակումը Սամվել Մարտիրոսյանը պայմանավորեց ադրբեջանական բանակին նվիրված միջոցառումներով: Առաջիկայում այսպիսի հարձակումների հավանականությունն էլ, ըստ մասնագետի, դժվար է կանխատեսել, բայց առանձնահատուկ օրեր, որպես այդպիսին, չկան մոտ ապագայում: Մեր զրուցակիցը նշեց, որ ադրբեջանական հաքերների հարձակումները վերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի ուղղությամբ են եղել: «Բավականին պասիվ էին՝ չնայած օգտատերերի վրա հարձակումներով լավ էլ ակտիվ են եղել հատկապես մայիսի վերջին՝ հանրապետության օրը, երբ «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի բավականին մեծ թվով օգտատերերի հաշիվներն էին կոտրել»,-ավելացրեց փորձագետը:

Նմանատիպ նյութեր