«Շիրակ» ակումբի անդամությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է
Հունիսի 16-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստ: Գործադիր մարմնի անդամները քննարկել և հաստատել են օրակարգային հարցերը։
Մասնավորապես՝ հաստատվել է ՀՖՖ առաջիկա հերթական ժողովի օրակարգը: Որպես անկախ աուդիտոր առաջարկվել է ժողովի հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։
Գործադիր Կոմիտեն քննարկել է նաև ՀՖՖ հետևյալ անդամների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում:
Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ–ի, ՖԻՖԱ–ի և ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների և կանոնակարգերի բազմակի և կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաև ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը:
Անընդունելի է համարվել «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը և միաձայն որոշվել է կասեցնել վերջինիս ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական Ժողովի օրակարգ։