211652_close_icon
views-count6794 դիտում article-date 19:52 15-05-2018

Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է․ Փաշինյանին շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում շնորհավորանքներս և հաջողության լավագույն մաղթանքներս: Ֆրանսիան և Հայաստանն ունեն առանձնահատուկ հագեցած երկկողմ փոխհարաբերություններ՝ հիմնված պատմական վաղեմի կապերի և առկա քաղաքական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, ինչը դրսևորվում է մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով: Այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է իրավական պետության և բարեփոխումների կոնսոլիդացման ճանապարհին նրան ուղեկցելու համար: Ինչպես գիտեք, Մինսկի խմբում Ֆրանսիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցված անհրաժեշտ լուծում գտնելու գործընթացին: Ֆրանսիան կշարունակի հանգուցալուծման հասնելուն ուղղված ջանքերը: Եվրամիության հետ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել Ֆրանսիան, նոր դինամիկա է բերում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով: Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում՝ մեր երկու երկրների միջև կապերը խորացնելու և Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու համար, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցը վերատեղայնացնելու, ինչպես նաև Շառլ Ազնավուր կենտրոնը ավարտին հասցնելու միջոցով, որը կոչում ունի դառնալու Երևանոմ ֆրանսիական մշակույթի ցուցափեղկը: Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ապահովելու համար գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը»,- ասված է Ֆրանսիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր