211652_close_icon
views-count8858 դիտում article-date 12:17 14-06-2018

Գործակցության հուշագիր՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև ձևավորված գործակցությունը զարգացման նոր հեռանկարներ է բացում: Վարշավայում ստորագրվել է 2018-2022 թթ. գործակցության համաձայնագիր, որը նախատեսում է գիտահետազոտական ու գիտագործնական աշխատանքներ Մեծամոր հնավայրի տարածքում, հնագիտական նյութերի քիմիական և ռադիոածխածնային անալիզների իրականացում արտերկրում, երիտասարդ կադրերի փոխանակում, որակավորում, համատեղ հրատարակությունների, գիտակրթական ծրագրերի իրականացում, նյութատեխնիկական բազայի համալրում, համատեղ ցուցադրությունների կազմակերպում և այլն: Համաձայնագիրը ստորագրել են Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը, Միջերկրածովյան հետազոտությունների լեհական կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալիշևսկին և «Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը ողջույնի խոսքում կարևորելով հնագիտության բնագավառում մեծ փորձառություն ունեցող Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հետ հետագա գործակցությունը, համոզմունք է հայտնել, որ վստահությունը փոխադարձ է: Արա Թարվերդյանի փոխանցմամբ հետագա հարաբերություններին նոր ուժ հաղորդելը ձևավորված վստահելի գործակցության տրամաբանական պահանջն է: «Կա համատեղ անցած ճանապարհ և աշխատանքի արդյունք: Վկան` շուրջ 30 գիտական հոդվածներն են, որոնք արժեքավոր հիմք կարող են հանդիսանալ բնագավառով հետաքրքրված այլ գիտնականների համար: Գործակցության շրջանակում իրականացվել են նաև միջոցառումներ, որոնցից հիշատակման են արժանի 2016 թ. Լեհաստանի Մռոգովո քաղաքի թանգարանում` Հայաստանի հնագիտությանը վերաբերող, ինչպես նաև Մեծամորում բացված` «Լեհական հնագիտությունը աշխարհում» և «Լեհերը Մետաքսի ճանապարհին» խորագրերով ցուցահանդեսները»,- ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը: Հայկական պատվիրակության անդամների միջև աշխատանքի հստակ բաժանում էր կատարվել: Հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում գիտակրթական ու միջազգային մշակութային կենտրոն ստեղծելու շուրջ բանակցություններ է վարել ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը: Նրա համոզմամբ մեծ հեռանկար ունեցող ու հավակնոտ ծրագրի շնորհիվ առավել արդյունավետ կկազմակերպվի կազմակերպության ազգագրության, պատմահնագիտության, թանգարանագիտության բաժինների աշխատանքը, կադրերի փոխանակում կիրականացվի: «Լեհական հարուստ գիտամշակութային հարթակի միջոցով կարող ենք աշխարհին ներկայացնել Հայաստանի ու Լեհաստանի հայ համայնքի մշակույթը»,-ասել է Կ. Փահլևանյանը: 2012 թ. ձևավորված գործակցությունը ամուր հիմքեր ունի: Հայ-լեհական արշավախումբը տարիներ շարունակ պեղումներ է իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքում: Հայկական պատվիրակության Վարշավա այցի հաջորդ օրը մեկնարկել է «Լեհերը Մերձավոր Արևելքում» խորագիրը կրող գիտաժողովը` նվիրված աշխարհի տարբեր հատվածներում (Լատինական Ամերիկա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Հայաստան) լեհ հնագետների կողմից իրականացվող պեղումներին: Ընդգրկուն ներկայացվել են հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքները` Մեծամորում և Արտաշատում: Արշավախմբի համանախագահ Աշոտ Փիլիպոսյանի զեկույցը նվիրված էր վերջին տարիներին Մեծամորի դամբարանադաշտում իրականացվող պեղումներին և մասնավորապես 19-րդ դամբարանից հայտնաբերված պարուրաձև չորս վերջույթներով ոսկե կախիկին: «Նման կախիկները լայն տարածում են ունեցել միջերկրականի ավազանում, Միջագետքում, փոքր Ասիայում, իրանական սարահարթում մ.թ.ա. III-I հազարամյակում և հայաստանյան օրինակի հայտնաբերումը վկայում է արտադրական, առասպելաբանական և ծիսական այն ընդհանությունների մասին, որը նշված ժամանակաշրջանում կար ողջ Հին Մերձավոր Արևելքում», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղարը: Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազ Զաքյանը: Մասնավորապես Հ. Սիմոնյանը անդրադարձել է Մեծամորի քաղաքային թաղամասում հայտնաբերված մարդաբանական նյութերի ուսումնասիրությանը, խոսել վերջին 5 տարիներին հայ-լեհական արշավախմբի պեղումների ընթացքում Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասի տարածքում հայտնաբերված թերի և ամբողջական` թվով 6 անհատների մարդաբանական նյութերի մասին: Ա. Զաքյանի ելույթը վերաբերել է դամբարանաբլուրների թվագրությանը: Առանձին խումբ հնագիտական առարկաների վերլուծությամբ և զուգահեռների ներկայացմամբ քննարկվել են Մեծամորի «արքայական» դամբարանաբլուրները, դրանց վերաօգտագործման խնդիրները: Գիտաժողովի ընթացքում ելութներով հանդես են եկել հայ-լեհական արշավախմբի անդամներ` Մատեուշ Իսկրան, Քշիշտոֆ Յակուբյակը, հնագետներ` Քինգա Բիգորայան, Օտտո Բագին: Լեհ հնագետները Երևանում կլինեն մի քանի ամսից` սեպտեմբերին Մեծամորում կվերսկսվեն պեղումները: [i]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր