Ուրախ կլինենք, որ մեր խաղաղ բնակիչներին Ադրբեջանը ընդունի նույն Արծվաշենում. ԶՈՒ ԳՇ պետ.tert.am
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը վստահեցնում է՝ թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի ուղղությամբ իրավիճակը զինված ուժերի կողմից վերահսկվում է: ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է [color=#EF2929]Tert.am[/color]-ի հարցերին:
-Պարո՛ն Դավթյան, Արցախում սահմանին ինչպիսի՞ իրավիճակ է: ԱՀ ՊԲ-ն տեսանյութ էր հրապարկել հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի շարժի վերաբերյալ:
-Սահմանին վիճակի էական փոփոխություն չկա, պաշտպանության բանակը պարբերաբար նման տեսանյութեր հրապարակում է, այնպես որ, այս պահի դրությամբ` առանց ավելորդ մեկնաբանությունների: Իրավիճակը սահմանին վերահսկվում է, կուտակումներ առանձնապես չկան, անհանգստանալու ոչինչ չկա:
-Արդյոք սահմանին լարվածությունը կարո՞ղ է մեծանալ, լայնամասշտաբ գործողություններ հնարավո՞ր են` հաշվի առնելով այն, որ լարվածության կա նաև Նախիջևանի կողմից:
-Լարվածության մեծացման հետ կապված հարցը պետք է տալ Ադրբեջանի ղեկավարությանը. մենք մեր կողմից չենք պատրաստվում լարվածությունը մեծացնել: Ընդհանուր իրավիճակը մշտապես գտնվում է մեր դիտարկման ներքո, ըստ իրավիճակի զարգացման՝ ընդունում ենք համապատասխան որոշումներ:
-Իսկ Նախիջևանից կողմից անհանգստանալու խնդիր կա՞, ի՞նչ վիճակ է:
-Նախիջևանի հատվածում նորմալ, վերահսկելի իրավիճակ է, ինչպես ծառայում էինք, մինչև այս դեպքերը, հիմա էլ այդպես շարունակում ենք ծառայել, խնդիրներ չկան , տեղաշարժի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, ավելորդ է ևս մեկ անգամ մեկնաբանել: Կազմակերպվել էր նաև լրատվամիջոցների այցը տվյալ հատված և իրենք իրենց աչքով համոզվել են, որ տեղադրված նյութերը տեղեկատվական պատերազմի մի մասն են պարզապես, և պետք չէ դրա վրա կենտրոնանալ:
-Հայկական կողմը հակառակորդի բնակիչներին թույլատրել էր մտնել Գյուննութ ավերակ բնակավայրի գերեզմաններ: Այս քայլը քննադատվեց, ճի՞շտ էր այդպիսի որոշում կայացնելը:
-Առաջինը, թույլատրել ենք, ոչ թե հակառակորդին, այլ Ադրբեջանի ժողովրդի ներկայացուցիչներին, երկրորդը`մեր զինված ուժերը մեկ անգամ ևս ցուցաբերեցին բարի կամքի դրսևորում, քանի որ մեր հակամարտությունը ուղղված չէ ժողովրդի, խաղաղ բնակչության, առավել ևս՝ մահացածների դեմ: Գտնում եմ, որ շատ նորմալ մոտեցում էր մեր կողմից և մենք ուրախ կլինեինք, որ Ադրբեջանի հանրապետությունը նույնպես կամք դրսևորեր և մեր խաղաղ բնակչության ներկայացուցիչներին նույնպես ընդուներ նույն Արծվաշենում գերեզմաններ այցելու համար: Ոչ մի վատ բան չկա, եթե մարդը ցանկանում է իր գերեզմաններ այցելել:
http://www.tert.am/am/news/2018/06/13/Artak-davtyan/2712651