Նորմանդական քառյակի ԱԳ նախարարները հանդիպում են Բեռլինում
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հանդիպելու են Բեռլինում՝ հերթական անգամ քննարկելու Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությունը կարգավորելու հարցը: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/5281826]tass[/url]-ը։
Նախատեսվում է, որ այսօրվա քննարկումների հիմնական առարկան լինելու է խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը։
Բոլոր կողմերը համաձայն են հակամարտ գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն տարաձայնություններ կան նրանց մանդատի հարցում:
Գերմանիան և Ֆրանսիան գտնում են, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ ներառյալ ռուս-ուկրաինական պետական սահմանը: Ռուսաստանը համաձայն չէ այդ տարբերակին:
Հունիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել՝ խբոլոր կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ 2015-ին ստորագրված Մինսկի համաձայնագրին և խորը մտահոգություն հայտնել Ուկրաինայի արևելքում անվտանգության ռեժիմի վատթարացման կապակցությամբ:
2014-ից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության արդյունքում արդեն ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել: