211652_close_icon
views-count7670 դիտում article-date 14:50 04-06-2018

Ռուսաստանի նորանշանակ դեսպանը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանը և դեսպան Կոպիրկինը քննարկեցին հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձան բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր