211652_close_icon
views-count8835 դիտում article-date 21:22 02-06-2018

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման վերաբերյալ, որում նշված է. «Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ Հակակոռուպցիոն Կոալիցիա), որը հանդիսացել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունման ջատագովներից և համահեղինակներից, կարևորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող սուբյեկտների՝ Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մրցութային խորհրդում թեկնածուների ընտրությունը բացառապես մրցութային կարգով անցկացնելը, մշտապես առաջ է տարել այդ թեզը, բարձրաձայնել այն մասին, որ թեկնածուների ընտրությունը մրցութային կարգով անցկացնելու դեպքում ավելի կբարձրաձնի թեկնածուների նկատմամբ վստահությունը: Այդ մասին բարձրաձայնվել է նաև Հակակոռուպցիոն Կոալիցիայի կողմից հիմնադրած Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից։ Մասնավորապես, վերջիններս դիմել էին վերը նշված հինգ սուբյեկտներին և կոչ արել մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա, ինչպես նաև հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով: Հակակոռուպցիոն կոալիցիան ողջունում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից սույն թվականի մայիսի 29-ին կազմակերպած բաց մրցույթը՝ թեկնածու ընտրելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը մրցույթի անցկացման պարտադիր պայման չի նախատեսում։ Ավելին, ողջունելի է այն հանգամանքը, որ ՀՀ Փաստաբանների պալատը, որպես մրցութային չափանիշ դիտարկել է նաև թեկնածուի հակակոռուպցիոն ոլորտում ունեցած փորձառության առկայությունը, բացի մասնագիտական ցենզից՝ որն էլ և հանդիսացել է միակ նվազագույն չափանիշը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների դեպքում: Հարկ է նշել, որ նման չափանիշ սահմանելը մշտապես եղել է Հակակոռուպցիոն կոալիցիայի անկյունաքարային առաջարկներից մեկը, քանի որ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի համար կարևոր է ոչ միայն մասնագիտական, այլ նաև հակակոռուպցիոն փորձառության առկայությունը։ Հակակոռուպցիոն կոալիցիան, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և սկզբունքներին, շարունակելու է ջանքեր գործադրել, հակակոռուպցիոն ոլորտում գործող բոլոր անկողմնակալ և պրոֆեսիոնալ կառույցների հետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման օրինականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով: Ավելին, Հակակոռուպցիոն Կոալիցիան կոչ է անում Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին և Հանրային խորհրդին՝ մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին ընտրել բաց և թափանցիկ ընթացակարգով՝ նկատի ունենալով հակակոռուպցիոն ոլորտում վերջիններիս ներգրավվածությունը և փորձառությունը»:

Նմանատիպ նյութեր