211652_close_icon
views-count4030 դիտում article-date 12:31 01-06-2018

Արցախի օմբուդսմենը ներկայացրել է ՄԻՊ 2017թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 31-ին ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Ռ. Մելիքյանն իր ելույթում հակիրճ ներկայացրել է իր գլխավորած հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և վիճակագրական տվյալները՝ ընդգծելով, որ նախորդ տարին էական նշանակություն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ու մեխանիզմների զարգացման համար: Պաշտպանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում 150 անձանց կողմից ՄԻՊ հաստատություն է ներկայացվել 119 դիմում: Դիմումները վերաբերում էին սոցիալական ապահովության, աշխատանքային, արդար դատաքննության, երեխաների և մի շարք այլ իրավունքների: Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ իրավասու պետական մարմիններին՝ հատկապես սեփականության, արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքներին առնչվող օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի մեջ առկա որոշ խնդիրների վերացման նպատակով: Ռ.Մելիքյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման և գործարկման անհրաժեշտությունը՝ գոհունակություն հայտնելով այդ ուղղությամբ ԱՀ գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից քաղաքական կամքի դրսևորման առթիվ: Պաշտպանը ներկայացրել է նաև միջազգային փոխգործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ շեշտադրելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, միտված էին Արցախի միջազգային ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների զարգացմանը և Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարած մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստերի միջազգայնացմանն ու հանրայնացմանը: Ռ. Մելիքյանը նաև մատնանշել է սփյուռքյան կառույցների կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու միտումը: Նա շեշտադրել է, որ անցած տարում կատարված ջանքերի շնորհիվ, օրինակ, ԱՄՆ Հայ իրավաբանական միությունն Արցախում առ այսօր իրագործում է մի շարք շարունակական ծրագրեր՝ մասնավորապես, ֆինանսավորելով ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ԱՄՆ-ում կրթություն ստացող հայ ուսանողների փորձուսուցումը ՄԻՊ հաստատությունում և այլն։ Վերջում պաշտպանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Նմանատիպ նյութեր