4148 դիտում
21:12 30-05-2018
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Երեւան։
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կայցելի Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւ դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, եւ կամփոփվի«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Կարեւորագույն միջոցառումներից են լինելու նաեւ Aurora Dialogues ամենամյա քննարկումները, որոնք միջազգային նոր հարթակ են, ուր մարդասիրության եւ բիզնեսի ոլորտների առաջատարները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունը ինչպես կարող է իմաստալից ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թոմ Քաթինան Երեւան կժամանի մայիսի 31-ին եւ կսկսի իր ուղեւորությունը Հայաստանով եւ Արցախով։ Հունիսի 4-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում նա հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին եւ ծառ կտնկի Հիշողության պուրակում։ Նույն օրը նա կմասնակցի իրեն իբրեւ «Ավրորա» մրցանակի 2017 թվականի դափնեկրի պատկերող հատուկ նամականիշի թողարկման շնորհանդեսին։
Որպես կաթոլիկ միսիոներ՝ Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքիցմեկնելով Սուդան՝ փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրության եւ մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։
Նուբա լեռների բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան հունիսի 5-ին կժամանի Զանգեզուր եւ կանգ կառնի Սիսիանի զինվորական հոսպիտալում, որտեղ կհանդիպի գործընկեր բժիշկների հետ։ Հանդիպմանը կհետեւի Սիսիանի Մշակույթի տանը կազմակերպված զրույց տեղի բուժաշխատողների եւ այլ մասնագիտական անձնակազմերի հետ։ Այստեղ կցուցադրվի նաեւ «Ոչ նուբացի բժիշկները Նուբայում» ֆիլմը, որն ամփոփում է այն երեք հայ բժիշկների գործունեությունը, որոնք 2017 թվականի մայիսին բժիշկ Քաթինային փոխարինելու համար մեկնեցին Նուբա լեռներ՝ հնարավոր դարձնելով Թոմ Քաթինայի ներկայությունը 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
Մրցանակի հյուրը հնարավորություն կունենա նաեւ վայելելոււ Հայաստանի հարավը՝ այցելելով Գորիս, Հալիձոր, Տաթեւի վանական համալիր եւ «Տաթեւեր» ճոպանուղի։ Տեղի համայնքի հետ հանդիպումից հետո Թոմ Քաթինան կմեկնի Արցախ, որտեղ կհանդիպի նաեւ արցախցի երիտասարդության, ուսանողության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բժիշկների ու պետական պաշտոնյաների հետ։
Անցյալ տարվա նմանատիպ այցելության ընթացքում բժիշկ Քաթինան, խոսելով Հայաստանի մասին, ասել է. «Այսպիսի հյուրընկալության կյանքումս երբեք չեմ հանդիպել եւ խորապես զգացված եմ Հայաստանի ժողովրդից։ Երբ եկա, ինձ թվաց, թե ընտանիքիս հետ եմ։ Ու մեկը չէ՝ բոլո՛րն էին այդպիսին։ Ուր գնայի, միեւնույն ընդունելությանն էի արժանանում։ Դուք շատ ուրույն մի բան ունեք այստեղ, իսկապե՛ս։ Կուզեմ հայ ժողովուրդն իմանա, որ անչափ բացառիկ բան ունի իր երկրում։ Մի՛ կորցրեք դա»։
Հայաստան այցելությունից հետո Թոմ Քաթինան կվերադառնա Սուդան՝ շարունակելու իր գործը։
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
23:02 08-01-2019
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է Երևանում
10832 դիտում
23:17 28-05-2017
«Ավրորա» մրցանակը ստացավ Թոմ Քաթինան
1797 դիտում
11:30 12-12-2018
Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
Այս բաժնից
514 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
682 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
550 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը