211652_close_icon
views-count30785 դիտում article-date 21:51 28-05-2018

Ստեփանավանում բացվել է Հայաստանի առաջին խորհրդարանի առաջին նախագահի անվան պուրակ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը Ստեփանավանում արժևորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: Անվանի քաղաքական գործիչ Ավետիք Սահակյանը, ում ավելի հաճախ դիմում էին Հայր Աբրահամ անունով, եղել է ազատ Հայաստանի խորհրդարանի առաջին նախագահը, ծավալել երկարամյա և արդյունավետ քաղաքական գործունեություն, նպաստել պետականության կայացմանը, ամրապնդմանն ու երկրի զարգացմանը: Նա Ծնունդով Ջալալօղլեցի է` ներկայիս Ստեփանավան, որտեղ էլ տոնական օրը հանդիսավորությամբ բացվեց վերջինիս անվան պուրակը, ուր տեղադրվել է Ավետիք Սահակյանի կիսանդրին: Կարևոր օրը հայրենի քաղաքում է Ավետիք Սահակյանի թոռը` դոկտոր Արմեն Սահակյանը, ով շնորհավորելով ստեփանավանցիներին և հյուրերին` տոնի կապակցությամբ, խոսեց ինչպես տոների, այնպես էլ իր հուզմունքի և պուրակի կառուցման կարևորության մասին: Սերունդները պետք է հիշեն մեծ գործերն ու դրանք իրականացնողներին: Պատմության իմացությունը կարևոր երաշխիք է Հայաստանի հանրապետության պետականության պահպանման գործում: Եվս մեկ խորհուրդ է առանձնացնում անվանի քաղաքական գործչի թոռը. սա պապի վերադարձն է` հայրենի կանաչ ու սիրելի քաղաք: Ավետիք Սահակյանի անվան պուրակի կառուցումը թոռի` դոկտոր Արմեն Սահակյանի նախաձեռնությունն է: Ճարտարապետը Միսաք Մելքումյանն է, քանդակագործը` Տիգրան Բագամյանը, այս գործում իր աջակցությունն է ցուցաբերել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը: Եվ ահա, այդքան սպասված վերադարձը. Հայր Աբրահամն այլևս իր սիրելի քաղաքում է, իր բնօրրանում, անկախության մի նոր խորհրդանիշ պուրակում, որն, անխոս, ստեփանավանցիների համար անառարկելի արժեք է: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Հայր Աբրահամի թոռանն ու Ստեփանավանի քաղաքապետին: Տոնական օրվա միջոցառումները շարունակվեցին նաև քաղաքի սրտում. Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատը ներկայացավ համերգային ծրագրով, ստեփանավանցիների համար միջոցառման տեսքով անակնկալ էր պատրաստել նաև մշակույթի և ժամանցի կենտրոնը: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել քաղաքապետ Ղարաքեշիշյանը` նշելով. Մեր քաջ նախնիների հաղթական ոգին միշտ էլ կենդանի է ու կմնա սերունդների հիշողության մեջ՝ նոր հաղթանակներ կերտելու և հուսալի ապագայի հիմք դառնալով, որպես պետության ու պետականության համար պայքարի արժանի օրինակ, քանի որ նրանց առաջնորդողը ազգային գաղափարախոսությունն էր և անձնուրաց հայրենասիրությունը: Ստեփանավանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր