211652_close_icon
views-count4597 դիտում article-date 18:50 15-05-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 15-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Շվեդիայի հետ բազմաշերտ եւ փոխշահավետ համագործակցությունը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, ինչին նպաստում են նաեւ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքն ու խորհրդարանականների փոխայցերը: ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ Շվեդիան իրավամբ համարվում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով օրինակելի երկրներից մեկը: Այս համատեքստում Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ վերահաստատել հայկական կողմի՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամությունը: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են, ինչն այլեւս անշրջելի իրողություն է: «Մեզ համար կարեւորը մեր երկրի անվտանգությունն է եւ ժողովրդի բարօրությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսեւորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ եւս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր