211652_close_icon
views-count2693 դիտում article-date 15:56 29-06-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ջանքերի համար: Կարեւորելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Նա հույս է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի: Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար: Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, եւս կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում: Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը: Արա Բաբլոյանը Մարտինա Քուիկին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Նմանատիպ նյութեր