Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքները շարունակվում են
[b]Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը[/b]: Ուղերձում ասված է.
«Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսում են կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկություններին համապատասխան:
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված այս շատ կարևոր գործընթացում»:
[b]Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը[/b]:
«Ես սրտանց մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Հանրապետության նորանշանակ կառավարության ղեկավարման դժվարությունները հաղթահարելու գործում:
Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հետագա ակտիվ զարգացմամբ՝ ի նպաստ մեր երկրների տնտեսական բարգավաճման և փոխադարձ առևտրի աճի: Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկխոսությանը, որը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ձեր երկրում: Մենք ողջունում ենք 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, ինչը հաղորդում է նոր ուժեղ ազդակ վերոնշյալ նպատակներին հասնելու գործին»,-ասված է Լիտվայի վարչապետի շնորհավորական ուղերձում:
[b]Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը:[/b]
«Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մեր երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ աշխատանքի, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման»,- ասված է Նոյերթի հայտարարության մեջ:
[b]Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը[/b]:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»,-ասված է Ջեյմս Ապատուրայի շնորհավորական ուղերձում:
[b]Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը[/b]:
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը և համաժողովրդական աջակցությունը թույլ կտան Ձեր գլխավորած կառավարությանը կարճ ժամանակահատվածում իրականացնել ներկայացրած բարեփոխումները, որոնց արդյունքը կդառնա Հայաստանի բազմակողմ զարգացման հզոր ցատկը, միջազգային հարթակում իր դիրքի հետագա ամրապնդումը: Այդպիսի ստեղծագործ գործունեության հաջողության երաշխիքը հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն է, նրա պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվելու մեր երկրի արդիականացման գործին:
Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է, անընդհատ հատուկ ուշադրություն է հատկացրել իր գործունեության կատարելագործման անհրաժեշտությանը՝ առաջ քաշելով կարևոր նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության, այդ թվում՝ Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովմանը:
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, այս նշանակալի օրը ընդունեք քաջառողջության, բարեկեցության և Ձեր բարձր պատասխանատու պաշտոնում մեծ հաջողությունների լավագույն բարեմաղթանքները»,-ասված է Յուրի Խաչատուրովի շնորհավորական ուղերձում:
Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են: