Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությանը
Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական փոխգործակցության զարգացմանը նպաստող կարևոր ձևաչափ, բարձր գնահատել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուհո Էէրոլան նշել է, որ իր ղեկավարած բարեկամական խումբը շարունակելու է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով։
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։
Զրուցակիցների խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լարմանը նպաստող Բաքվի գործողությունների՝ մասնավորապես Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում՝ ադրբեջանական կողմից զինուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումների վրա։