211652_close_icon
views-count23598 դիտում article-date 18:48 21-04-2018

Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի ճանապարհով. ՀՀ Հանրային խորհուրդ

ՀՀ Հանրային խորհուրդը հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որում նշված է. «Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը: Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը և պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձևավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և այլն: Սակայն հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը: Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, քաղաքական և հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, և Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաև Հանրապետության վարչապետը: Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր ճանապարհով: Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ այսօրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում: Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է և չունի այլընտրանք»:

Նմանատիպ նյութեր