16009 դիտում
18:31 15-04-2018
ՀՀ Ոստիկանություն. Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ վտանգել է մասնակիցների կյանքն ու առողջությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: Դրանց զննությամբ պարզվել է, որ խաղաղ հավաքի իրավունքը ոմանց համար նշանակում է պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ զավթելու հատուկ «օպերացիա»:
Մասնավորապես, տեսանյութում հստակ երևում է, որ նշված շինության զավթմանը նախորդում է օբյեկտի նախնական «հետախուզումը», պայմանական նշաններով միմյանց հետ հաղորդակցվելը, այնուհետև՝ խմբակային ներխուժումը պահպանվող օբյեկտ:
Ներխուժողների համար որևէ զսպող նշանակություն չունեցավ անգամ այն հանգամանքը, որը շենքը գտնվում էր ոստիկանական պահպանության ներքո:
Ավելին, անտեսվեց ոստիկանության ծառայողների օրինական պահանջը՝ շենքը մուտք չգործելու վերաբերյալ:
Այսպես կոչված «խաղաղ հավաքի» մասնակիցներից ոմանք, որոնց ինքնությունն արդեն իսկ ճշտված է, հաղթահարված համարելով ոստիկանության ծառայողների դիմադրությունը, չխորշեցին անգամ ոտքի հարվածներով ջարդել շենքի դռներից մեկը՝ նյութական վնաս պատճառելով ընկերությանը: Ի դեպ, ոստիկանության ծառայողները շինության պահպանությունն իրականացնելիս են եղել մարտական զենքով:
Հավաքի կազմակերպիչը իր անգործությամբ ուղղակի վտանգել էր երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեին ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:
Այս հանգամանքն օրինական հիմք էր թե զենքը մերկացնելու, թե ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու, և թե զենքի գործադրման մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների, եթե չլիներ ոստիկանության ծառայողի զսպվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Նյութերի նախապատրաստման փուլում ծանուցումներ են ուղարկվել դեպքին առնչվող բոլոր անձանց՝ ոստիկանություն ներկայանալու և բացատրություններ տալու նպատակով:
Գործի քննության ընթացքի վերաբերյալ հետագայում կներկայացնենք լրացուցիչ տեղեկություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
116513 դիտում
11:17 29-11-2021
Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2182 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)