2292 դիտում
13:16 15-03-2018
Ինչպե՞ս հաջողել սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելիս․ դասընթաց Կոտայքի մարզում գործող ՔՀԿ-ների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Չարենցավանում քաղհասարակության կազմակերպության ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով ամրագրված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ։
Դասընթացի մասնակիցներից Քրիստինա Էվոյանը, ով սոցիալական աշխատող է և քաղհասարակության ակտիվիստ, հասարակական կազմակերպություն հիմնելու և սոցիալական ձեռնարակատիրությամբ զբաղվելու նպատակ ունի․
«Մենք ունենք նոր գաղափար՝ տարեցների ներգրավմամբ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ։ Այժմ նոր օրենքը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Այստեղ ստացածս տեղեկությունը շատ օգտակար է լինելու հետագա գործունեությանս համար»,- ասաց Քրիստինա Էվոյանը։
«Լիկիու երկիր» բարեգործական ՀԿ ներկայացուցիչ Լիանա Հարությունյանը հատկապես կարևորել է հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում հարկման վերաբերյալ ստացած տեղեկությունները․«Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ես ստացա՝ կապված շրջանառության հարկի, ավելացված արժեքի հարկի վերաբերյալ»։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց, թե որ դեպքերում է ձեռնարկատիրությունը համարվում սոցիալական, ինչպե՞ս է այն կազմակերպվում, ինչպես պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը և այլ կարևոր հարցեր։
Սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող ՀԿ-ի դեպքում հաճախ խնդիր է լինում տարբերակել եկամուտների հարկվող կամ չհարկվող լինելը։ Հ․ Ավագյանի խոսքով, հաճախ կարծում են, եթե կողմի հետ կնքված պայմանագրի անունը դրամաշնորհային է, ապա դրա արդյունքում ստացվող եկամուտները չեն հարկվում։ Սակայն այդպես չէ։ Հնարավոր է ՊԵԿ-ը այն համարի հարկվող։
Եվ նման խնդրից խուսափելու համար պետք է դիմել ֆինանսների նախարարություն, որտեղ ժամանակավորապես հանձնաժողով է ստեղծվում և քննում է տվյալ եկամուտների հարկվող կամ չհարկվող լինելը։
Դասընթացից հետո նա պատասխանեց ներկաների հարցերին։ Նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին տրամադրվում է անվճար փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն։
Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»