211652_close_icon
views-count5331 դիտում article-date 09:53 28-02-2018

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև. «Ամերիկայի ձայն»

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ կոչ անելով ճանաչել և վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4273110.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Իրենց խոսքը ցուցարարներն ուղղել են ոչ միայն Ադրբեջանին այլև՝ Միացյալ Նահանգներին, ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Մենք Ամերիկայի կառավարությանը ասում ենք՝ շիտակ կողմի վրա պետք է կանգնես»: Պաշտոնական Բաքուն հերքում է Սումգայիթի ջարդերի համար որևէ պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ այն տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, ուստի, դրա համար պատասխանատվություն պետք է կրեն խորհրդային իրավապահ մարմինները: Փոխարենը Ադրբեջանը մեղադրում է հայերին Հոջալիում խաղաղ ադրբեջանցիներին ոչնչացնելու համար: Բողոքի հավաքված հայերը սակայն այդ մոտեցման հետ համաձայն չեն, հիշատակելով Սումգայիթին հետևած բազմաթիվ վայրագություններ՝ Գուրգեն Մարգարյանից մինչև Քյարամ Սլոյան: «Սումգայիթը 30 տարի առաջ եղավ, բայց կարող ենք ասել, որ եթե Ալիևը և իր բանակը առիթ ունենան, նորից այդտեսակ սպանություն կանեն հայերի դեմ», - ասում է Արամ Համբարյանը: Հատկանշական է, որ խորհրդային շրջանում պաշտոնական վարկածի համաձայն Սումգայիթում փետրվարի 27-29 զոհվել է 32 քաղաքացի, այդ թվում 26 հայ և 6 ադրբեջանցի, մինչդեռ՝ ոչ պաշտոնական տվյալներով Սումգայիթում սպանված հայերի թիվը հարյուրից ավելի է: Հատկանշական է նաև, որ խորհրդային ղեկավարությունն ամեն կերպ փորձում էր կոծկել սպանդի փաստը, այսպես, փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթում արդեն սպանում ու բռնաբարում էին Խորհրդային Միության խաղաղ հայազգի քաղաքացիներին, «Время» լրատվական ծրագիրը պատմում էր Իսրայելում և Պանամայում բախումների մասին՝ խուսափելով Սումգայիթի ջարդերի որևէ հիշատակումից: Ընտանիքով բողոքի եկած Հայկանուշ Կազանչյանը ցանկանում է Սումգայիթի ողբերգության մասին հայտնել ամբողջ աշխարհին. «Շատ կարևոր է, որ աշխարհում իմանան, որ չի մոռացվում այսպիսի իրադարջությունը»: Իսկ ահա երեք տարեկան Մարիամը դեռևս լավ չի պատկերացնում Սումգայիթում տեղի ունեցածը, սակայն, ապրելով Միացյալ Նահանգներում, արդեն իսկ գիտակցում է հայրենի արմատները հիշելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր