211652_close_icon
views-count3469 դիտում article-date 18:51 19-02-2018

ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներից: Նրանց է ներկայացվել նաև կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված նոր համակարգը, ինչը հնարավորություն է տալիս արագ ու առանց լրացուցիչ ծախսերի կազմակերպել գործընթացը: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ապահովելու նպատակով: Նա մանրամասնել է,- «Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացնելու է ձեր գործունեությունը, այլև ավելի թիրախային է դարձնելու պետական վերահսկողությունը՝ սննդի շղթայի բոլոր օղակերում հնարավոր խախտումներն ու թերացումները բացահայտելու հնարավորություն տալով»: Պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացվել են, որ այսօր երկրում կա արդեն 22 գործող սպանդանոց, առաջիկայում նախատեսվում է շահագործել ևս 20-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց: Բանախոսը հիշեցրել է նաև, որ թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր: Տնտեսվարողները ներկայացրել են իրենց անհանգստացնող խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ ծառայության ներկայացուցիչները տվել են հիմնավոր բացատրություններ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր