Աֆրինի քուրդ գրոհայիններն ու բժիշկները Թուրքիային մեղադրել են թունավոր գազեր կիրառելու մեջ
Սիրիական Աֆրին քաղաքի մերձակայքում գտնվող Էլ-Մզեյնա բնակավայրի 6 բնակիչ տուժել են թուրքական բանակի կողմից թունավոր գազերով արկերի կիրառումից: Քրդական «Ֆիրատ» գործակալության տվյալներով, Աֆրինի հիվանդանոցի բժիշկները հակված են ենթադրել, որ թուրքական զինվորականներն ու նրանց աջակցող «Սիրիական ազատագրական բանակի» գրոհայինները հարձակման ժամանակ քլոր են օգտագործել:
Տեղի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամեդը հայտարարել է, որ տուժածներից չորսի ինքնազգացողությունը ներկա պահին կայունացել է, ևս երկուսը շարունակում են ծանր վիճակում մնալ: «Մենք փորձում են պարզել, թե ինչ թունավոր գազ են կիրառել հրետակոծման ժամանակ», նշել է նա:
Թուրքիան պաշտոնապես դեռ չի արձագանքել այս մեղադրանքներին: Բացառված չէ, որ նման արձագանք ընդհանրապես չլինի. չհաստատված տեղեկություններով, Աֆրինի ռմբակոծությունների ժամանակ զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և ամեն անգամ Անկարան նման տեղեկություններին չի արձագանքում: