31223 դիտում
09:58 08-02-2018
Քեզ բացակա չենք դնի. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ քաջի մահով ընկած Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 4-ին Մուղնու Սուրգ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ հակառակորդի դիմագրավման ժամանակ քաջի մահով ընկած Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:
2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ թշնամուն կասեցրին մեր քաջարի, անպարտ տղերքը, սակայն, ցավոք, ընկան քաջի մահով: Նույն օրը Էդուարդի կողքին հերոսացան նաև Արշակ Հարությունյանը, Հակոբ Խաչատրյանը։
Է. Հայրապետյանը ծնվել է 1995 թվականի, փետրվարի 4-ին, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում: Նա կրում էր իր պապիկի անունը: Գերադասել էր մնալ իր Կատյա տատիկի կողքին, ով մորից առավել սիրել և մեծացրել էր հերոս զավակին, իր թոռնիկին, և իր քրոջ, եղբոր, մոր հետ չէր գնացել երկրից՝ տաքուկ ապաստան ունենալու համար, այլ մորը պատասխանել էր. «Մամ, հլը ուշադիր ինձ նայի, ես հայ եմ, ես ի՞նչ գործ ունեմ ուրիշի փողոցներում: Եթե դու գնում ես, գնա, ես կմնամ այստեղ, տատիկիս հետ, էս երկրում»:
Եվ, փաստորեն, հայրենիքի հանդեպ սերը մոր սիրուց մեծ էր Էդուարդի սրտում: Մնաց Էդուարդը իր արյան գնով պահած երկրում ու մեծացավ իր բարի ու քնքուշ Կատյա տատիկի հետ: Երբ եկավ բանակ գնալու ժամանակը, տատիկը նեղվում ու մտահոգվում էր թոռան համար: Էդուարդը ասել էր.«Տատի, հեչ չնեղվես: Ես թքել եմ էն տղու վրա, որ պիտի վիզը թեքի ու ասի՝ վախենում եմ, մամայիս ո՞նց թողնեմ, գնամ: Ես պիտի գնամ էլ, պիտի կռվեմ էլ: Ես հո չե՞մ թողի, որ թուրքը գա, իմ քրոջը մորթի»։
Ասաց Էդուարդը ու գնաց՝ արդեն պատրաստակամ՝ կռվելու թշնամու առաջ: Գնաց ու երդվեց՝ արյան մինչև վերջին կաթիլը կռվել ու մեռնել հայրենիքի համար ու երդմանը հավատարիմ մնաց:
Մինչև բանակ զորակոչվելը, Էդուարդը նույնպես աշխատել է, օգնել ընտանիքին: Հորեղբայրը պատմում է, որ նրա ամենամեծ նպատակը եղել է աշխատանք գտնելն ու ընտանիքին օգնելը, տունը վերանորոգելը:
«Ասում էր՝ գամ, հոպար ջան, էնպես պիտի անեմ, նորմալ ապրենք: Ուզում էի, գար, ինձ թև ու թիկունք լիներ, իմ մեջքը կոտրեց»,- պատմում է հորեղբայրը՝ Հենրիկ Հայրապետյանը:
«Լավ ընտանիք են, տատիկը լավ տատիկ է, Էդոյին առանձնահատուկ էր սիրում: Շատ նպատակներ ուներ իր հետ, ասում էր՝ Էդոս գա, պիտի մատաղ անեմ, լավ քեֆ անեմ: Վատը չենք տեսել էդ երեխի, կռվարար չէր, շատ ուրախ երեխա էր: Ես լավն եմ տեսել, բարի, աշխատասեր, ուրիշների խաթրին չկպնող: Խելացի երեխա էր: Տեղներս չենք կարողանում գտնել»,- ասաց հարևանուհին՝ Սոնիկ Դանիելյանը։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
Ծնունդդ շնորհավո՛ր, Էդուարդ։ Փա՛ռք Քեզ, հերոս, ու քեզ նման բոլոր այն քաջ տղաներին փառք ու պատիվ, ովքեր առաջ գնացին «գիտակցված մահը անմահություն է» կարգախոսով։ Բոլորիս անհատակ խոնարհումը Ձեզ՝ անցյալ ու ներկա հերոսներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14872 դիտում
10:38 19-08-2017
Քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ադամ Աահակյանն այսօր կդառնար 21 տարեկան. Քեզ բացակա չենք դնի