«Մանչեսթեր Սիթին» իրականացրեց հերթական աղմկոտ տրանսֆերը
Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը լքեց ակումբը: Բասկյան թիմը պաշտոնապես հայտարարեց, որ 23-ամյա ֆուտբոլիստը օգտվել է պայմանագրի հրաժարագնի կետից: Հրաժարագինը կազմել է 65 միլիոն եվրո:
Մոտ ժամանակներս Լապորտը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» և արդեն հրաժեշտ է տվել թիմին:
«Մի քանի տողով ասելու շատ բան կա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինչ որ բան են տվել ինձ: Ես պատանի հասակում եմ եկել ակումբ: Այստեղ եմ ձևավորվել որպես մարդ և որպես ֆուտբոլիստ:
Ինձ պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավեր է սպասում: Ցանկանում եմ, որ այս խոսքերը ոչ թե հրաժեշտ թվան, այլ շուտով տեսնվելու խոստում:
Ես լքում եմ բացառիկ, յուրահատուկ ակումբ, որը երբեք չեմ մոռանա», ասել է Լապորտը: