Թուրքմենստանի վարորդները շոկի մեջ են. նոր օրենսդրությամբ թույլատրվում է վարել միայն սպիտակ գույնի մեքենաներ, իսկ կին վարորդներին արգելել են ղեկին նստել
Նոր տարում Թուրքմենստանի վարորդների համար դժվար ժամանակներ են սկսվել. համաձայն նոր օրենսդրության, որը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 2-ից, երկրում թույլատրվում է տեղաշարժվել միայն սպիտակ գույնի ավտոմեքենաներով:
Բոլոր այն վարորդների մեքենաները, որոնք սպիտակ չեն, ճանապարահային ոստիկանները տեղափոխում են տուգանային հրապարակներ:
Ավտոմեքենաների սեփականատերերին ստիպում են սպիտակ գույն ներկել ավտոմեքենան կամ ընդհանրապես չշահագործել այն:
Այդ ֆոնին երկրում 2 անգամ բարձրացել են ավտոսպասարկման կենտրոններում ներկելու ծառայությունները, որոնք 500 դոլարից բարձրացել են մինչև 1000 դոլար:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպիտակ գույնը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրած գույնն է:
Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքմենստանում՝ 2017 թ.-ի դեկտեմբերի կեսից իշխանությունները կին վարորդներին արգելել են ավտոմեքենա վարել:
Ավտոտեսուչներն ուղղակի նախազգուշացրել էին կանանց արգելքի մասին, իսկ հունվարից արդեն վերցնում են ավտոմեքենա վարող կանանց վարորդական իրավունքները, իսկ փոխադրամիջոցը տեղափոխվում է տուգանային հրապարակ:
Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքմենստանի ներքին գործերի նախարար Իսգենդեր Մուլիկովը նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայտնել է, որ երկրում ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում կին վարորդների պատճառով կամ նրանց մասնակցությամբ, ինչից հետո նախագահը հրահանգել է նախարարին «շտկել իրավիճակը»: