9802 դիտում
15:12 30-12-2017
Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին. Մաս 2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]Հարց. Պարո՛ն Նալբանդյան, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը ստորագրվեց այս տարի՝ փաստորեն, չորս տարի անց, «և՛-և՛» սկզբունքով, կարելի է համարել մեր արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից՝ ոչ միայն այս տարվա, այլև առհասարակ: Կարո՞ղ ենք պնդել, որ այս համաձայնագիրը որևէ կերպ չի ազդի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների կատարմանը:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Երբ որոշում ընդունվեց, որ մենք բանակցային գործընթաց ենք սկսում Մաքսային միությանը միանալու և ապագայում նաև ԵԱՏՄ-ին անդամակցելու շուրջ, հաջորդ օրը ես Բրյուսելում էի: Բրյուսելում իմ հանդիպումների ժամանակ մենք ցանկություն հայտնեցինք ստորագրել այն, ինչ մենք բանակցել էինք: Բրյուսելից ասվեց՝ չենք կարող, որովհետև Դուք ԵԱՏՄ ուղղությամբ եք գնալու, և այդ պատճառով դժվար է դա համատեղել: Հիմա բոլոր մանրամասների մեջ չմտնենք, բայց հնչեցին նաև կարծիքներ, որ «կամ, կամ» պետք է լինի: Եվ մեր դիրքորոշումն էր, որ, ո՛չ, «և՛,և՛»:
Դա էր պատճառը, որ նույն 2013թ. նոյեմբերին` Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ, մենք` Եվրամիությունը և Հայաստանը, հայտարարություն արեցինք, որ շարունակելու ենք հարաբերությունները` փորձելով ընդլայնել, խորացնել, զարգացնել մեր համագործակցությունը:
Բայց այդ գագաթաժողովից ժամեր առաջ, երեք ժամ առաջ կարծեմ, տիկին Էշթոնի հետ, ով այդ ժամանակ ԵՄ Բարձր հանձնակատարն էր, մենք նամակներ փոխանակեցինք: Այսօր բացում եմ որոշ փակագծեր. փոխանակեցինք նամակներ, որոնց մասին չհրապարակվեց: Չհրապարակվեց ոչ մեր պատճառով:
Ի՞նչ էր ասվում այդ նամակների մեջ: Իմ նամակում ասվում էր, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել, խորացնել, ընդլայնել իր հարաբերությունները, համագործակցությունը բոլոր հնարավոր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և ուղղություններով Եվրամիության հետ` նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:
Ի՞նչ էր պատասխանում իր նամակում Էշթոնը: Նա նշեց, որ ողջունում է այդ մոտեցումը: Ավելին, մենք փոխանակեցինք նաև Ասոցացման համաձայնագրի բանակցված տեքստերը այն ակնկալիքով, որ դրա հիման վրա շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի ձևավորենք մի շրջանակային փաստաթուղթ, որը նաև նկատի կունենա մեր հանձնառություններն այլ ձևաչափերում, և գնանք առաջ, որքանով որ Եվրամիությունը դրան պատրաստ կլինի:
Եվ պատահական չէր, որ 2015թ. դեկտեմբերին, երբ Բրյուսելում արդեն նոր Բարձր հանձնակատար տիկին Մոգերինիի հետ մենք մեկնարկեցինք բանակցային գործընթացը, ապա և՛ ես, և՛ տիկին Մոգերինին ելույթների մեջ նշեցինք հենց դրա մասին, որ, այո՛, մենք շարունակելու ենք բանակցությունները մի նոր շրջանակային փաստաթուղթ ձևավորելու համար` նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այն ձևաչափերում:
[b]Հարց. Ինչպե՞ս դա հնարավոր եղավ, Եվրամիությունը ինչպե՞ս փոխեց, ըստ էության, իր դիրքորոշումը, պարո՛ն Նալբանդյան: Եվ Մոգերինին էլ, ստորագրումից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը և՛ ԵԱՏՄ անդամ է, և՛ Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրել: Այդ արձանագրումն անձամբ իր շուրթերից է հնչել:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Որովհետև Եվրամիությունը 28 երկրից բաղկացած մի լուրջ կառույց է, որտեղ տարբեր կարծիքներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում, այնտեղ կոշտ իրադրություն չէ: Այսինքն, այս քննարկումների, այս մտորումների, այս կարծիքների փոխանակման արդյունքում էլ ձևավորվում է և կարող է նաև որոշ զարգացում ունենալ մոտեցումների իմաստով: Այդ մոտեցումների, դիրքորոշման էվոլյուցիայի, զարգացման արդյունքում, իրենք եկան այն եզրակացության, որ ճիշտը «և՛, և՛»-ն է, և ճիշտը նա է, որ այնպիսի փաստաթուղթ բանակցվի, որը նաև նկատի կառնի Հայաստանի պարտավորություններն այլ ձևաչափերում:
Եվ դա է պատճառը, որ Եվրամիության, Դուք նշեցիք Մոգերինին, բայց ոչ միայն Մոգերինին, շատերն են ասում, որ սա օրինակելի կարող է լինել, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ ակտիվ անդամ է և նաև ստորագրեց այսպիսի լուրջ շրջանակային փաստաթուղթ Եվրամիության հետ: Այդ իմաստով որոշ օրինակ կարող է ծառայել, և միգուցե, ինչու ոչ, գուցե մի օր պահը կգա և նաև կամուրջ կհանդիսանա որոշ գործընթացների, ինտեգրացիոն գործընթացների միջև:
[b]Հարց. ԵԱՏՄ և Եվրամիության միջև իսկապե՞ս Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ: Այդ ձևակերպումն այս օրերին շատ ենք լսում, պարո՛ն Նալբանդյան՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի ոչ այդքան «մեղրային» հարաբերությունները:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Ես ասացի արդեն, որ դա շատերի կարծիքն է, որ միգուցե ապագայում հնարավոր լինի կամուրջների կառուցումն այդ գործընթացների միջև, ընդհանրապես ինտեգրացիոն գործընթացների միջև, որովհետև դա կլինի ի շահ այդ երկրների, այդ տարածաշրջանների և այդտեղ ապրող ժողովուրդների:
[b]Հարց. Պարո՛ն Նալբանդյան, բառացիորեն օրեր առաջ Հայաստանը ստանձնեց նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: Այս կառույցի խորհրդարանական ձևաչափով վերջերս մի միջադեպ եղավ: Ո՞րն է եղել պաշտոնական Երևանի արձագանքը:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Պաշտոնական արձագանքը ես հնչեցրի իմ ելույթի մեջ, երբ ստանձնում էի այս կազմակերպության նախագահությունը: Այնտեղ ես նշեցի, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կողմից որոշ անխոհեմ փորձերը կազմակերպության կանոնադրությանը և նպատակներին չհամապատասխանող զուգահեռ կամ առանձին գործունեությամբ զբաղվել և քաղաքականացնել այս կառույցը, իհարկե, որևէ նպաստ չեն բերում այս կազմակերպության հեղինակությանը: Ընդհակառակը, կարող են վնասել այս կազմակերպության գործունեությանը: Կարծում եմ, որ որոշ իմ գործընկերների կողմից դա ըմբռնումով մոտեցվեց. դա է պատճառը, որ եզրափակիչ փաստաթղթում, կարծում եմ առաջին անգամ էր, որ որևէ դրական խոսք չասվեց Վեհաժողովի գործունեության մասին:
[b]Հարց. Հաջորդ տարի կարևոր դիվանագիտական իրադարձություն է լինելու: Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, ըստ էության, աննախադեպ է: Ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ ես կասեի, որ Սևծովյանում մենք նախագահեցինք, դա առաջին անգամ չէր, մենք արդեն նախագահել էինք, նախագահել ենք ՀԱՊԿ-ում, նախագահել ենք Եվրախորհրդում և այլն: Բայց դա ռոտացիոն նախագահություն է: Իսկ Ֆրանկոֆոնիայում բավական լուրջ մրցակցային պայքարում մեզ հաջողվեց ստանձնել այս միջազգային լրջագույն կազմակերպության նախագահությունը, որը 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկիր է ներառում:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվելու է Հայաստանում, որը ամենաերիտասարդ անդամ-երկրներից է մի կառույցի, որը մոտ հիսուն տարվա պատմություն ունի: Եվ մեզ տրվեց այդ պատասխանատու առաքելությունը: Դա խոսում է այն մասին, որ մեզ վստահում են: Դա խոսում է նաև նրա մասին, որ միջազգային հարթակի վրա Հայաստանը մեծ հեղինակություն ունի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ մեզ համար սա մեծ պատիվ է, բայց նաև պատասխանատվություն:
Սկսել ենք բավական լուրջ նախապատրաստական աշխատանքները: Հանրապետության Նախագահի որոշմամբ ստեղծվել է համապատասխան միջկառավարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ: Մի քանի օր առաջ ես Փարիզում էի, որտեղ հանդիպեցի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար տիկին Ժանի հետ, և մենք բավական մանրակրկիտ անդրադարձանք նախապատրաստական աշխատանքի բոլոր կողմերին, և գլխավորը` բովանդակությանը:
[b]Հարց. Քանի որ սա մեր վերջին տարեվերջյան հաղորդումն է, նաև Ձեր ուղերձը, պարո՛ն Նալբանդյան, մեր հեռուստադիտողին:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Հաջորդ տարի անցումն է կառավարման նոր համակարգին։ Դա բավական լուրջ փոփոխություն է, որն ամրապնդելու է մեր ժողովրդավարության հիմքերը: Հայաստանում անցկացված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ժողովրդավարությունն արդեն խորը հիմքեր ունի Հայաստանում, և այն անդառնալի գործընթաց է:
Իհարկե դա գործընթաց է, որը շարունակական է, և մենք մտադիր ենք հնարավորինս գնալ առաջ և առավել ամրապնդել մեր երկրի ժողովրդավարական հիմքերը: Բայց այն, որ մենք լրջագույն առաջընթաց ենք արձանագրել այս ուղղությամբ, դա միայն մեր կարծիքը չէ: Տեսեք, ինչ էին ասում ասենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կամ Եվրոխորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը, կամ Եվրամիությունը, այլ կառույցներ: Սա ակնհայտ է:
2018-ը խորհրդանիշներով լի տարի է լինելու. արցախյան շարժման 30-ամյակն է, Առաջին Հանրապետության հարյուրամյակը, մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Այս խորհրդանիշները, թվում է` պատմական իմաստով այնքան հեռու են իրարից, տարբեր են, բայց դրանց մեջ ընդհանրությունները շատ են: Ամենակարևոր ընդհանրությունն այն է, որ այս հոբելյանները ևս մեկ անգամ գալու են ցույց տալու հայ ժողովրդի ձգտումը, ազատատենչ ձգտումը, ապրելու և արարելու ձգտումը:
Այս իմաստով ինչ կցանկանամ հեռուստադիտողներին, ոչ միայն հեռուստադիտողներին, ես կցանկանամ, որ գալիք տարին խաղաղության, բարգավաճման, հաջողությունների և առաջընթացի տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի, Արցախի և Սփյուռքի մեր քույրերի և եղբայրների, բոլորիս համար:
[b]Հարց. Շնորհավորում եմ, պարո՛ն Նալբանդյան, Ձեզ ևս: Թող մեր դիվանագիտությունը երբեք չպարտվի 2018թ. և միայն հաղթանակներ արձանագրի:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1796 դիտում
21:36 15-10-2014
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը` «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին
2870 դիտում
21:42 25-02-2015
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին
Այս բաժնից
943 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1000 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
685 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը