3628 դիտում
21:47 19-12-2017
Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները:
Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ:
Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը, 160 ձկնաբուծական տնտեսություն ունի ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ-ով սահմանված ջրաքանակը 24207 լ/վ): Այս տարվա ընթացքում 584 խորքային հորից փաստացի գումարային ջրաելքը կազմել է մոտ 23973 լ/վ և այն նվազեցվել է` հասցվելով մոտ 22499 լ/վ ջրաքանակի, որը 15 չգործող ձկնաբուծական տնտեսությունների 18 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու և 3 խորքային հոր կոնսերվացնելու արդյունք է: Նշվել է, որ ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 21607 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 681.4 մլն մ3 ջրաքանակ: 582 խորքային հորից կատարվել է 230 ինքնաշատրվանող խորքային հորի վրա տեղադրված փականների կնքում և հաշվառում, նախկինում կնքված 115 խորքային հորեր ևս մեկ անգամ հաշվառվել են:
2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր խորքային հորերի փականային ռեժիմի բերելու, լուծարման և կոնսերվացման արդյունքում խնայվել է շուրջ 140 մլն մ3 ջրաքանակ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մաuին» ՀՀ oրենքի նախագծին, որով առաջարկվում է ըստ գույքագրման արդյունքների՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի համար 2018թ. հունվարի 1-ից կիրառել սահմանված դրույքաչափի (1մ3 համար 0.5 ՀՀ դրամ) եռապատիկը, իսկ ապօրինի ջրօգտագործման նկատմամբ` տասնապատիկը: Առաջարկի իրագործման դեպքում պետական բյուջե կվճարվի հավելյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի դեպքում՝ 110 մլն դրամ և ապօրինի ջրօգտագործման դեպքում՝ 66 մլն դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտավայրում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես, խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ միջոցներ՝ ջրաչափիչ սարքեր տեղադրելու նպատակով: «Մենք չենք ցանկանում խեղդել բիզնեսին, սակայն անհրաժեշտ է վերջինիս առավելագույնս մոտիվացնել, որպեսզի ջուրն արդյունավետ օգտագործի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է բոլոր խնդիրներին տալ հնարավորինս պարզ լուծումներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նմանատիպ նյութեր
3474 դիտում
15:01 10-11-2016
Տեղի է ունեցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրներին առնչվող քննարկում
2721 դիտում
12:39 25-03-2020
Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել
Այս բաժնից
5362 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
919 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը