211652_close_icon
views-count6134 դիտում article-date 11:16 18-12-2017

Նոր գործառույթներ՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում. ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները՝ մարզերում

Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում, հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում ընթացակարգային բարենպաստ բազան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ապահովել արագ և քաղաքակիրթ սպասարկում, աննկատ և արդյունավետ հսկողություն: Իսկ ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երևանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաև տարածքային ստորաբաժանումներում: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները Երևան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարում: Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ և արագ ծառայություն մատուցել. «Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաև բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տևում է 30-40 րոպե»: Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն: «Մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթների կենտրոնացումը մեկ հարկի տակ՝ ընթացակարգերի պարզեցման ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունք է»,-ընդգծել է Կարեն Ջանոյանը: Մարզերի բնակիչների հավաստմամբ՝ նոր գործառույթը հնարավորություն է տալիս՝ ժամանակ ու միջոց խնայելով, մաքսազերծումն իրականացնել արդեն բնակավայրին ավելի մոտ: Նոր գործառույթ՝ նաև արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթակացիզային ապրանքների մաքսային ձևակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաև գանձումները. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,-նշել է Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը:

Նմանատիպ նյութեր