5475 դիտում
16:00 09-12-2017
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլևս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում և պահպանվում է բոլորի կողմից:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր»:
2015 թվականից ի վեր դեկտեմբերի 9-ը մարդկության դեմ հանցագործությունների կրկնության դեմ համատեղ պայքարի կարևոր հարթակ է դարձել: Այն նաև կարևոր առաքելություն է կրում` կրթելով և բարձրացնելով մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը:
Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Դա հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ վերահաստատելու Ցեղասպանության կոնվենցիայի կարևորությունը:
Սակայն, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարևոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրպնդմանն ուղղված միջազգային ջանքերը:
Մենք հուսով ենք, որ Կոնվենցիայի 70-ամյակը նոր լիցք կհաղորդի այս ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1312 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
892 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար