211652_close_icon
views-count1317 դիտում article-date 20:06 09-12-2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման և ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում: Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարևոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ, Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների և այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարե-լիցները, մեր աչքի առջև շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջև իրականցվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություն-ներ, ոչնչացվում են քաղաքակրթության հազարամյա մշակութային կոթողներ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը: Ուստի, միջազգային հանրությունը կրկին համախմբվել է՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ին պատգամելու, որ այս ծանրագույն հանցագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսևորումը ընդդեմ ցեղասպանությունների միասնական պայքարն է: Հենց այդ միասնականության արդյունքում էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը սատարեց ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիքի` Հայաստանի Հանրապետության առաջարկությանը և Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղա-սպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ Նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Այսուհետ դեկտեմբերի 9-ը ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլև յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը՝ «Այլևս երբեք»:

Նմանատիպ նյութեր