211652_close_icon
views-count1405 դիտում article-date 21:18 10-12-2015

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից: Միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Մոգենս Լիկեթոֆտը, Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, որպես հիմնական բանախոս հանդես եկավ Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: Քննարկման բանախոսներն էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Դեվիթ Թոլբերտը, Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խթանման և հանցանքի չկրկնման հարցերով հատուկ զեկուցող Պաբլո դե Գրեֆը, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Էլիզա ֆոն Հոյդեն-Ֆորժին: Ելույթներով հանդես եկան նաև տարածաշրջանային խմբերում նախագահող անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները: ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշեց, որ ԳԱ 69/323 բանաձևով հռչակված միջազգային օրը կոչ է անում հավաքական պատասխանատվություն դրսևորել ցեղասպանության ոճրագործության զոհերի առջև: Նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` աջակցելու 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նշանակության ամրապնդմանն ու կանխարգելման համակարգի համար կուռ հիմքեր կառուցելուն ուղղված միջազգային ջանքերին: Այս կապակցությամբ դեսպանի կողմից հիշատակվեց 2015թ. Հայաստանի կողմից նախաձեռնված և կոնսենսուսով ընդունված ԳԱ և ՄԻԽ համապատասխան բնանաձևերը` երախտագիտություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցաբերված աջակցությամբ համար: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ նաև 2015թ. ապրիլին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին: Անդրադառնալով ԳԱ նախագահի և ԳՔ տեղակալի` ավելի վաղ հնչեցված խոսքերին, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցով միջազգային հանրությունը վերահաստատում է այդ սարսափելի ոճրագործությունը կանխելու իր հանձնառությունը, դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել անցյալում մարդկության կողմից ցուցաբերված անգործության զոհերի արժանապատվության հիշատակին: ՀՀ դեսպանը հավելեց, որ օրվա խորհուրդը նշանավորվում է ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից կարևորագույն փաստաթղթի ընդունման պատմական իրադարձությամբ, այլ նաև հանցագործությանը մարտահրավեր նետելու և ի վերջո այն կասեցնելու քաղաքական, իրավական ու բարոյական համընդհանուր պատասխանատվության պատգամով` որպես «բարոյական և քաղաքական հրամայական»: «Նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն», - հիշեցրեց Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով ցեղասպանական միտումները արմատախիլ անելու համար անցյալի ոճրագործությունների խորքային պատճառներն ուսումնասիրելու կարևորությունը: Ըստ դեսպանի, «խտրականության յուրաքանչյուր դրսևորում, իրավունքի ամեն մի խախտում վտանգի տակ է դնում խոցելի խմբերին, իսկ բացառողական գաղափարախոսությունը, անպատժելիության մթնոլորտը, ցեղասպանության ժխտումն ու ատելություն սերմանող քարոզչությունը, ինչպես նաև բռնության հրահրումը վաղ նախազգուշացման հենց այն նշաններն են, որոնք կանխարգելման անհապաղ գործողություններ են պահանջում»: Օրվա բանախոսներն անդրադարձան ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, ցեղասպանական դրսևումների վերլուծությանն ու երկարաժամկետ կանխարգելման հետ դրանց առնչությանը, ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության կարևորությանը, զոհերի իրավունքի պաշտպանության միջոցներին ու փոխհատուցմանը, չկրկնվելու երաշխիքներին ու հաշվետվողականությանը, ցեղասպանության և մարդու իրավունքների կոպտագույն այլ խախտումների փոխկապակցվածությանը, ոճրագործության կանխարգելմանն ու պատժին:

Նմանատիպ նյութեր