211652_close_icon
views-count5892 դիտում article-date 17:58 22-11-2017

Արթուր Գեւորգյան. AIBA-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերին

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ-Կուո Վուն, որը ղեկավարում էր այս կազմակերպությունը 2006 թվականից, նոյեմբերի 20-ին կամավոր լքեց զբաղեցրած պաշտոնը: «Ես կայացրել եմ այս որոշումը, հանուն բռնցքամարտի հանդեպ ունեցած սիրո: Այս քայլին գնում եմ ի շահ կազմակերպության և բռնցքամարտի»,- Չինգ-Կուո Վունի հայտարարությունը մեջբերում է AIBA լրատվականը: Ավելի վաղ AIBA-ի գործադիր կոմիտեն մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ ֆինանսների հափշտակման, հեռացրել էր Չինգ-Կուո Վուին: Նախագահի կամավոր հրաժարականի դեպքում AIBA-ն համաձայն էր հետ վերցնել նրա դեմ հարուցված դատական հայցը: 71-ամյա թայվանցին հեռացել է նաև ՄՕԿ-ի գործադիր կոմիտեից: AIBA-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է կազմակերպության փոխնախագահ Ֆրանկո Ֆալյչինելլին, որը ղեկավարում է նաև բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան (EUBC): Այս որոշմանը կողմ է քվեարկել AIBA-ի գործմոկի 17 անդամներից 15-ը: ՀԱՕԿ լրատվականը Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին խնդրեց մեկնաբանել իրավիճակը: Իրադարձությունների ինչպիսի՞ զարգացումներ ակնկալել միջազգային բռնցքամարտում և ի՞նչ նշանակություն կունենա դա մեզ համար: «Մեծ հաշվով դա մեզ համար ոչինչ չի նշանակում: Իրավիճակն արդեն որոշ ժամանակ է հասունանում էր: Հուլիսի վերջին AIBA-ի գործկոմի 13 անդամներ պահանջում էին Չինգ-Կուո Վուի հրաժարականը, առաջարկելով նրան զբաղեցնել պատվավոր նախագահի պաշտոնը: Տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հունվարին Դուբայում կկայանա արտահերթ համաժողով, որտեղ ազգային ֆեդերացիաների ղեկավարների ներկայությամբ կքննարկվեն հետագա անելիքները: Այդ համաժողովում ընտրություններ չեն նախատեսվում»,-ասաց ՀԲՖ-ի նախագահը: Արթուր Գևորգյանը նշեց, որ AIBA-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա 2018 թվականի հոկտեմբերին: Եթե, իհարկե այլ որոշում չկայացվի: «Ինչպես հայտնի է, հաջորդ տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Հավանական թեկնածուները ժամանակ կունենան լավ նախապատրաստվելու ընտրություններին՝ ստանալու ազգային կոնֆեդերացիաների և ֆեդերացիաների աջակցությունը: Ամենայն հավանականությամբ թափուր պաշտոնի համար կպայքարեն Ռուսաստանը, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ: Հետագայում մեր ֆեդերացիան կկողմնորոշվի՝ ում աջակցել՝ ելնելով կոնկրետ թեկնածուներից»,- նշեց ՀԲՖ-ի նախագահը:

Նմանատիպ նյութեր