Թուրքիայում մահացել է լեգենդար ծանրամարտիկ Նաիմ Սուլեյմանօղլուն
Թուրքիայում 50 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Նաիմ Սուլեյմանօղլուն:
Սեպտեմբերին թուրք մարզիկին Աթաշեհիրայի հիվանդանոց էին տեղափոխել՝ լյարդի ցիրոզ ախտորոշմամբ: Նախորդ շաբաթ ծանրամարտիկը վիրահատվել էր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սուլեյմանօղլուն, որը հանդես է եկել մինչև 60 և 64 կգ քաշային կարգերում, պատմության մեջ ամենատիտղոսակիր ծանրամարտիկն է:
Մինչև 1986 թվականը նա ներկայացնում էր Բուլղարիան, որից հետո թուրքական քաղաքացիություն ընդունեց:
Թուրքիայի դրոշի ներքո Սուլեյմանօղլուն դարձել է օլիմպիական եռակի չեմպիոն, 5 անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իր մարզական կարիերայի ընթացքում Սուլեյմանօղլուն 46 համաշխարհային ռեկորդ է սահմանել: Կարիերան ավարտելուց հետո զբաղվում էր քաղաքականությամբ: