211652_close_icon
views-count5114 դիտում article-date 15:31 17-11-2017

Մեքսիկայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Նոյեմբերի 16-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ: Դեսպան Այվազյանը բարձր գնահատեց Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար: Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծեց, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, որոնց հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր