Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրեց Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզը:
Շնորհակալություն հայտնելով փորձագիտական պատվիրակությանը կատարված աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ արդիականացման արդյունքում Հիդրոմետ ծառայությունը պետք է կարողանա որակյալ ծառայություններ մատուցել հանրությանը:
Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի ղեկավար Վլադիմիր Ցիրկունովն էլ իր խոսքում շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության հզորացումը պետք է դիտարկել որպես ընդհանուր հանրային շահ:
Մասնավորպես ճանապարհային քարտեզով նախատեսվում է տեխնիկակական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն կբարելավվի Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող Հիդրոմետ ծառայության աշխատակիցների վերապատրաստումը որակյալ կադրային բազա կստեղծի հետագա բարեփոխումների համար:
Նախատեսվում է 2018 թ. գարնանը կազմակերպել միջազգային դոնորների համաժողով` Հիդրոմետ ծառայության արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: