211652_close_icon
views-count6231 դիտում article-date 12:42 13-11-2017

Հայկական ձյուդոյի առաջին քայլերը կխթանեն մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործին. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ

Օրեր առաջ, իմ կողմից շատ հարգված՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը նվիրեց «Ձյուդո. ուսումնական ձեռնարկ» վերնագրով գիրքը: Ընդհանուր առմամբ՝ գիրքը հավանեցի, գրված է հետաքրքրիր ու մատչելի, սակայն մի քանի դիտարկում ցանկանում եմ կատարել ձյուդոն որպես սպորտաձև ԽՍՀՄ-ում և Հայաստանում ճանաչվելու կապակցությամբ: 1973 թ. ձյուդոյի ճանաչումից հետո ԽՍՀՄ սպորտկոմիտեն ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներին հանձնարարեց ստեղծել ձյուդոյի ֆեդերացիաներ՝ համապատասխան մարզչական կադրերի կառույցով և անցակացնել մարզական միջոցառումներ: 1973թ. ինձ որպես հանրապետության սամբոյի պատանիների և երիտասարդների ավագ մարզիչ հրավիրեցին Հայաստանի սպորտկոմիտե և հայտարարեցին, որ ես նշանակվել եմ ձյուդոյի ավագ մարզիչ և խնդրեցին ներկայացնել բոլոր առկա սամբիստների ցուցակը ըստ քաշային կարգերի, ովքեր կարող են պատրաստվել և մասնակցել ձյուդոյի մրցումներին: Բացի մարզիկներից, պետք է ներկայացնեի նաև այն մարզիչներին, որոնց հետ պետք է կազմավորեինք ձյուդոյի Հայաստանի հավաքական թիմը: Մարզչական կազմ, բացի ինձանից, մտան նաև Թելման Քոչարյանը և Ռոման Սարկիսովը: Ձյուդոյի հավաքական թիմում ըդգրկվեցին Գագիկ Աղամալյանը, Գագիկ Դաբաղյանը, Վարդան Մինասյանը, Վիգեն Հովհաննիսյանը, Սպարտակ Խառացիդիսը, Հովհաննես Սարգսյանը, Սմբատ Կոստանյանը, Արմեն և Ցոլակ Արտեմյանները, Ռաֆիկ Երանոսյանը, Հարություն Հարությունյանը, Սերգեյ Օհանյանը,Արթուր Գրիգորյանը, Արամ Գրիգորյանը և ուրիշներ: Ձյուդոյի ֆեդերացիան մտավ սամբոյի և կոխի ֆեդերացիայի կազմի մեջ, որի նախագահն էր ՀՊՖԿԻ ըմբշամարտի և բոքսի ամբիոնի վարիչ Կառլեն Աթոյանը: Ծաղկաձորում և Երևանում ուսումնամարզական հավաքներից հետո ձյուդոյի Հայաստանի հավաքական թիմը Թբիլիսիում մասնակցեց «Անդրկովկասյան» խաղերին, որտեղ կիսաեզրափակչում 7-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին, իսկ եզրափակչում 6-2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի թիմից: Մրցումները թիմային էին՝ «Պատը պատին»: Չնայած Հայաստանի սպորտկոմիտեի ղեկավարությունը համոզում էր, որ ես չհրաժարվեմ ձյուդոյի ավագ մարզչի պաշտոնից, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձյուդոն իմ ոճը չէ և ձյուդոյի հավաքականում հիմնականում ընգրկված են Թելման Քոչարյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի սաները, հրաժարվեցի ձյուդոյից և առաջարկեցի Հայաստանի ձյուդոյի ավագ մարզիչ նշանակել Թելման Քոչարյանին, որն էլ ի վերջո ընդունվեց: Սրանք են հայկական ձյուդոյի առաջին քայլերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Դավիթ Խիթարյանին՝ գրքի լույսընծայման կապակցությամբ, համոզված, որ իմ լավ բարեկամը, ում հետ ավելի քան 18 տարի աշխատում ենք Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, չի վիրավորվի այս փոքր լրացումն անելու համար: Վստահ եմ, ձեռնարկը կխթանի Հայաստանում ձյուդո մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործին: [b]Հարգանքով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան[/b]

Նմանատիպ նյութեր