211652_close_icon
views-count2078 դիտում article-date 20:28 14-09-2021

Երևանում կանցկացվի Սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված մարզաձևի երախտավոր Լևոն Հայրապետյանի հիշատակին

2021թ. սեպտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի Սամբոյի միջազգային մրցաշար նվիրված մարզաձևի երախտավոր Լևոն Հայրապետյանի հիշատակին:

Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Նրա՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում, հայ սամբիստներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Նա արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից էր, 2000-2007 թթ. եղել է ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ: Մահացել է 2018թ:

Սեպտեմբերի 14-ին սպասվում է պատվիրակությունների ժամանումը Վրաստանից և Ռուսաստանից: Ցավոք՝ համավարակի պատճառով, նախնական հայտեր ուղարկած այլ երկրների մասնակցությունը չեղարկվել է:

Հուշամրցաշարի հյուրերը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին ժամը 11-ին կայցելեն «Եռաբլուր» պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Լևոն Հայրապետյանի շիրիմին:

15:30-ից 16:30-ը կկայանա պատվիրակությունների ղեկավարների և մրցավարների խորհրդակցություն, ապա՝ կշեռք և վիճակահանություն:
Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի մարզիկների միջև նախնական գոտեմարտերը կսկսվեն սեպտեմբերի 16-ին, ժամը 10-ից՝ «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում, հասցեն՝ Ծարավ Աղբյուր փ, 55/25: Մուտքն ազատ է:

Ժամը 14-ին նրա հիմնադրած Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքին կփակցվի ցուցանակ, որը կազդարարի, որ մարզօջախն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը. Նման որոշում ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ. օգոստոսին:

Հուշամրցաշարի հանդիսությունը կկայանա ժամը 15-ին, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:
 
 
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա


 
 
 

Նմանատիպ նյութեր