211652_close_icon
views-count3339 դիտում article-date 15:56 04-11-2017

ԱՄՆ-ի Բըրբենք քաղաքում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որին մասնակցել է Գարեգին Բ կաթողիկոսը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի հիմնադրման 90-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական այցի մանրամասներին: Սրբազան Հայրը շեշտեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախություն և խանդավառություն է առաջացրել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում` զորացնելով սերը և նվիրումը Ս. Էջմիածնի և Հայրենիքի հանդեպ: Նա վստահեցրեց, որ Վեհափառ Հայրապետի այցից հետո վերանորոգված հավատքով, նվիրումով և սիրով պիտի շարունակեն իրենց առաքելությունը` ի շահ Հայոց Եկեղեցու պայծառության և բարգավաճման: Այնուհետև ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը շեշտեց, որ հովվապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքից հեռու նրանց մեջ զորավոր են ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը, նախանձախնդրությունը հայոց լեզվի և մեր ազգային արժեքների պահպանության գործում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մեքսիկա կատարած հովվապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնությունը բաշխեց տեղի հայությանը և միասնաբար աղոթեցին երկրաշարժից զոհվածների հոգիների հանգստության համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, թեմական խորհրդի ատենապետ Տիար Ժոզեֆ Կանիմյանին, Արևմտյան թեմի հոգևոր սպասավորներին և աշխարհականներին հովվապետական այցի ժամանակ ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նաև ԳՀԽ նորընտիր կազմին` մաղթելով արդյունաշատ և բեղուն աշխատանք: Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2017 թ. մայիսի 16-17-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը: Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը, որը պատրաստվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից: Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Ժողովականներն իրենց դիտարկումներն ու սրբագրություններն առաջարկեցին կանոնադրության հոդվածների վերաբերյալ: Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց խմբագրական աշխատանքից հետո կանոնադրության նախագիծն առաքել թեմեր առաջարկությունների և դիտարկումների համար: Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարերար տիար Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի ներկա վիճակի վերաբերյալ։ Նա տեղեկացրեց, որ նախապատրաստական փուլի աշխատանքներն արդեն ավարտված են և առաջիկա ամիսներին նա հանդիպումներ և հարցազրույցներ կունենա թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռում սպասավորող մի շարք հոգևորականների և աշխարհականների հետ: Այս առիթով ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին տիար Ասո Դավիդյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ուսումնասիրության արդյունքները կնպաստեն Հայոց Եկեղեցու գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպմանը: ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ժողովականներին ներկայացրեց «2018 թ. որպես երիտասարդության տարի» հռչակման տարում նախատեսվող ծրագրերի մանրամասները: Սրբազան Հայրը նշեց, որ տարվա ամփոփումը կլինի հուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությունը: Տարվա ընթացքում նաև կկազմակերպվեն երիտասարդական ուխտագնացություններ թեմակալ առաջնորդների հետ դեպի Ս. Էջմիածին: ԳՀԽ ժողովի ընթացքում համատեղ նիստ գումարվեց թեմական խորհրդի անդամների հետ, որի ժամանակ ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընդհանուր զեկույց ներկայացրեց թեմի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: Ժողովի վերջավորության Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ ԳՀԽ անդամների արդյունավետ աշխատանքին` ի նպաստ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման: Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն ուղղեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին` հովվապետական այցը և ԳՀԽ նիստերը հավուր պատշաճի կազմակերպելու համար` առ Աստված աղոթք հղելով թեմի պայծառության և հավատացյալ ամերիկահայերի կյանքի բարօրության համար: Ժողովն ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր