«Գեղարդ» երգչախումբը Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում հանդես է եկել Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Սուրբ Նիկոլայ եկեղեցում
Հոկտեմբերի 22-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամ քաղաքի իշխանությունների նախաձեռնությամբ Ռեֆորմացիայի 500-ամյակի շրջանակներում Պոտսդամի Սուրբ Նիկոլայ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որտեղ հոգևոր և աշխարհիկ երգացանկով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մշակութային նախաձեռնությունների խորհրդի փոխնախագահ Թ. Յանսը: Ներկաներին ողջունեցին Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ ընդգծելով դրանց դերը հայ հոգևոր-մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀԱԵ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Մեսրոպ Նազարյանը, հոգևոր հայրեր, հայ համայնքի, քաղաքային իշխանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Տեղեկանք․«Գեղարդ» երգչախմբի երգացանկը ներառում էր 5-15-րդ դարերի հայկական հոգևոր և աշխարհիկ երգեր, ինչպես նաև հայ և եվրոպական դասական ու ժամանակակից երգահանների ստեղծագործություններ: