211652_close_icon
views-count11091 դիտում article-date 22:54 18-10-2017

Հայաստանում բնակչության թիվը կրճատվելու է. ՄԱԿ հետազոտություն

Հայաստանի բնակչության թվաքանակը հետագա տարիներին կրճատվելու է: Այսպիսի եզրակացություն է պարունակում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի անցկացրած հետազոտությունը: 2035թ-ին Հայաստանում լավագույն դեպքում 3.2մլն բնակիչ կլինի, վատագույն դեպքում՝ 2.5-2.6 մլն, կարծում են հետազոտության հեղինակները: Նախագահի վերջերս ասված խոսքերն այն մասին, որ 2040թ-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 4 մլն, հետազոտության հեղինակներն անիրական խոստումներ են համարում: Որպես բնակչության թվաքանակի նվազման պատճառ նշվում է Հայաստանում ծնելիության կրճատումն ու երկրից մեծ թվով մարդկանց մեկնումն այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Եթե այդ երկու միտումները փոխվեն, կարելի է այլ կանխատեսումներ անել, լրագրողներին ասել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մոտ 3մլն մարդ է բնակվում: Վերջին 9 տարում (Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում) Հայաստանն, ըստ պաշտոնական տվյալների, լքել է 300 հազար մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Միայն 2016թ-ին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: «Որպեսզի բնակչության թիվն աճի, մարդիկ պետք է սոցիալապես և տնտեսապես ապահովված լինեն, և այդ ժամանակ նրանք երեխաներ կունենան», – ասել է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը: Միաժամանակ, ասել է նա, խնդիր է այն, որ տղամարդիկ կանանց թույլ չեն տալիս աշխատել, և դա նաև ֆինանսական խնդիրներ է առաջացնում ընտանիքներում: «Դեռևս 2009թ-ին մենք տնային տնտեսությունների շրջանում հետազոտություն ենք անցկացրել: Տղամարդկանց 7-9%-ն ասել է, որ թույլ չեն տա իրենց կանանց աշխատել: Սակայն կարծում եմ, որ այդպես մտածող տղամարդիկ ավելի շատ են, և դա թաքնված փոքր խնդիր չէ», – ասել է Գարիկ Հայրապետյանը: [url=https://jam-news.net/?p=64949&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր