211652_close_icon
views-count2123 դիտում article-date 14:41 17-10-2017

Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի ֆինանսավորման հարցերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և KFW բանկի դերը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման, վերազինման և արդիականացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերին։ Ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նախարարը ներկայացրել է ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։ - Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով,- նշել է Աշոտ Մանուկյանը։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի իրականացման ուղիներն ու նախատեսվող ֆինանսավորման մեխանիզմները։ Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։

Նմանատիպ նյութեր