Ինչ տվեցին Ցյուրիխյան արձանագրությունները. քաղաքագիտական քննարկում 8 տարի անց
«Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հարաբերություններում մթնոլորտը շատ ավելի վատ է, քան դրանից առաջ»,- այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր «Մեդիա կենտրոնում»՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման օրը կազմակերպված քննարկման ժամանակ:
Քննարկման մյուս բանախոս, քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը, որը կողմ էր 2008 թվականին սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, շարունակում է համոզված մնալ՝ դա լավ և լուրջ գործընթաց էր, որի հետևանքներն ավելի ուշ կտեսնենք:
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան բավական փչացրել է հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Միամիտ է կարծելը, թե Թուրքիան այդ ամենը կթողնի և կզբաղվի հայ-թուրքական հարաբերություններով:
Քննարկման մասնակից, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունները փորձ էին այլ ուղու վրա տեղափոխելու հայ-թուրքական հարաբերությունները, որը սակայն հնարավոր չէր:
Արա Պապյանը նկատեց, որ այդ արձանագրությունները, անգամ չվավերացված, իրենց հետևանքները թողել են:
«Մենք չգիտենք, թե 100-ամյա տարելիցին ընդառաջ ինչպիսի ընթացք ու ճանաչումների ընթացք կունենար՝ ինչպիսի ճանաչում կլիներ, ինչպիսի գործընթաց կսկսվեր: Թուրքական տերմինաբանությամբ՝ «հայկական ցունամիի» դեմն առնելը ինչ-որ չափով հաջողվեց, և այդ փաստաթղթերը օգնեցին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք մինչ օրս չեն վավերացվել երկրների խորհրդարանների կողմից: